ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ բժշկական կենտրոն
ԹԵԺ ԳԻԾ +374 10 23 36 86
Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք
Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք
 

 

Քիթ-կոկորդ-ականջաբանության բաժանմունքը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում գործում է 2005 թվականից: Կրտսեր և միջին 9 հոգուց բաղկացած բուժանձնակազմի հետ միասին աշխատում են երեք բժիշկ՝ օրդինատորներ Նազիկ Ջիվանի Հարությունյանը, Արեն Գագիկի Մգթաղյանը և բ.գ.թ., դոցենտ, բաժանմունքի ղեկավար՝ Արմեն Վլադիմիրի Հայրապետյանը: 


Որպես արդի բազմապրոֆիլ բուժկենտրոնի բաժանմունք, այստեղ ինչպես ստացիոնար, այնպես էլ ամբուլատոր պայմաններում շուրջօրյա ցույց է տրվում 3-ից բարձր տարիքի ազգաբնակչության նեղ մասնագիտացված օտոռինոլարինգոլոգիական ծառայություն: Քթի, կոկորդի, ականջի սուր և քրոնիկական թարախաբորբոքային հիվանդությունների, օտար մարմինների, վնասվածքների, արյունահոսությունների և այլ տիպի ախտաբանական փոփոխությունների ժամանակ հիվանդների մոտ իրականացվում է համապատասխան ախտորոշիչ-բուժական միջոցառումներ՝ օգտագործելով ժամանակակից նորագույն մեթոդներ:

 

Մասնավորապես, քիթ-կոկորդ-ականջ օրգանների էնդոսկոպիկ հետազոտություններն իրականացվում են գերմանական «Richard Wolf» ընկերության նոր օպտիկական սարքերի և գործիքների (ճկուն ֆիբրոռինոլարինգոսկոպ բիոպսիայի հնարավորությամբ, տարբեր աստիճանի և չափերի կոշտ էնդոսկոպներ, գլխի լույս, լույսի աղբյուր և այլն) միջոցով: Դեղորայքային բուժումից բացի, վերին շնչուղիների և ականջի՝ քիթ-կոկորդ-ականջ օրգանների, տարբեր հատվածների վիրաբուժական գործողությունները, վիրահատությունները՝ կապված հիվանդի տարիքից և ընդհանուր վիճակից, հիվանդության ծանրության աստիճանից և այլ հանգամանքներից, իրականացվում են տեղային և ընդհանուր անզգայացմամբ:

 

Վերը նշված բուժական միջամտություններն առավել արդյունավետ և որակյալ դարձնելու նպատակով բուժկենտրոնը բոլորովին վերջերս (հուլիս-2014թ.) քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքի համար ձեռք է բերել գերմանական արտադրության նորագույն ռադիոհաճախային գեներատոր՝«CURIS»-ը, մեկ սարք՝ բազմաթիվ կիրառություններով: Վերջինից արձակված 1,7- 4 MHz տիրույթում գտնվող բարձր հաճախականության ռադիոալիքների ստեղծած ելեկտրամագնիսական դաշտի ազդեցության արդյունքում վիրահատական դաշտում ձեռք է բերվում բարձր ֆոկուսավորված հյուսվածքային էֆեկտ՝ ճշգրիտ կտրվածք, նուրբ կոագուլյացիա՝ հարակից հյուսվածքների մինիմալ ջերմային վնասվածքի պայմաններում: Իր նմանակներից առանձնանում է նրանով, որ սարքում ներդրված են «Sutter» ֆիրմայի նորագույն տեխնոլոգիաները (P3TM - Pulsed Power Performance, AutoRF): Ժամանակակից համակարգչի նման, այն խելացի սարք է, ունի 2 միկրոպրոցեսոր՝ գործողությունները ավելի արագ և անվտանգ կտարելու համար: Աշխատանքային իր բոլոր ռեժիմների ժամանակ հյուսվածքային ռեակցիային համապատսխան ինքնուրույն վերահսկում և կարգավորում է ելքային հզորությունը՝ էներգիան: Երբ, օրինակ, մեկ կտրվածքով հատվում են տարբեր տիպի հյուսվաքներ՝ մաշկ, ճարպ, մկան և այլն, սարքը կարողանում է ակնթարթորեն արձագանքել, պատասխան տալ AutoRF-ի միջոցով ստացվող հյոսվածքային դիմադրության տվյալներին, ինչի հիման վրա ինքնուրույն կարգավորում է ելքային էներգիան: Ընդ որում, երբ վիրահատության ժամանակ ձեռք է բերվում թիրախ հյուսվածքի փոփոխության անհրաժեշտ, ճիշտ չափը, ապա ինքնուրույն ակտիվանում է «autostop» ֆունկցիան և լսվում է ազդանշան:

 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի «CURIS»-ի օգնությամբ իրականացվող RaVoR (Radiofrequency Volume Reduction) վիրահատական տեխնիկան: Սա համեմատաբար նոր, քիթ-կոկորդ-ականջաբանական պրակտիկայում մեծ տարածում գտած եղանակ է: Այն կիրառվում է առաջնային խռմփոցի, քնի օբստրուկտիվ ապնոէի համախտանիշի թեթև ձևի, քրոնիկական վազոմոտոր, ալերգիկ, դեղորայքային կախվածության, հիպերտրոֆիկ և այլ ծագման ռինիտների ու ռինոսինուսիտների ժամանակ: Բիպոլյար ռադիոհաճախային էներգիայի ազդեցությունից ախտաբանական այտուցված, հիպերպլազիայի ենթարկված հյուսվածքների՝ խեցիների, փափուկ քիմքի, լեզվարմատի նշիկների և այլնի ծավալային չափերը կրճատվում են: Այս տիպի վիրահատությունները հիմնականում իրականացվում են հիվանդի նստած դիրքում, տեղային անզգայացման և ամբուլատոր պայմաններում, որովհետև դրանք մինիմալ ինվազիվ (ներթափանցող), անցավ, անվտանգ, բժշկի կողմից արագ և դյուրին իրականացվող, հիվանդի կողմից հեշտ տարվող գործողություններ են: Հետվիրահատական շրջանում հատուկ հսկողություն, խնամք և հատկապես որևէ տամպոնի առկայություն չի պահանջվում: Բժշկի հսկողության տակ գտնվելուց 20 րոպե անց, հիվանդը վերադառնում է իր առօրյա կենսակերպին:

 

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև «Sutter» ընկերության «To-BITE» միաժամանակ 4 տարբեր գորժողություններ (կոագուլյացիա, շերտազատում, արտածծում և աքցանի դեր) կատարող գործիքի միջոցով իրականացվող տոնզիլէկտոմիան: Քմային նշիկների հեռացումը տեղի է ունենում գործնականում առանց արյան կորստի պայմաններում, համեմատաբար արագ և հեշտ: Այս ամենը կարելի է պատկերավոր ներկայացնել հետևյալ հավասարմամբ.


To-BITETM+ CURIS = Bipolar RF Tonsillectomy:


Ռադիոհաճախային էներգիան օգտագործվում է նաև քիթ-կոկորդ-ականջաբանական բազմաթիվ այլ վիրահատությունների և վիրաբուժական գործողությնների ժամանակ:


Եվ վերջում. ժամանակակից կահավորված, նորագույն սարքերով համալրված քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունքում փորձառու և բանիմաց բուժանձնակազմը ջանք չի խնայում հնարավորինս արդյունավետ և որակյալ ծառայություն ապահովել հիվանդների շուտափույթ առողջացման համար:

 

 

Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք Քիթ-կոկորդ-ականջաբանական բաժանմունք
Գնացուցակ
Մեր մասնագետները
Արմեն Հայրապետյան Արմեն Հայրապետյան
Մասնագիտությունը քիթ-կոկորդ-ականջաբան
Կոչում
դոցենտ
Պաշտոն Քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների բաժանմունքի վարիչ
Հեռախոս +374 10 24 97 94; +374 94 20 55 46
Մանրամասն